Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի՝ «Լեռնային Արցախի» հետ խաղում, «Ուրարտուի» հարձակվող Նարեկ Գրիգորյանը դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում Նարեկը խոսել է թիմի խաղակցվածության, առաջիկա հանդիպումների և իր մարզավիճակի մասին։
ԹԻՄԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹԱՆ ԵՒ ԽԱՂԱԿՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Թիմը շատ լավ է մեկնարկել առաջնության գարնանային հատվածում։ Այո, հաղթել ենք անցկացրած երեք խաղերից երեքում էլ, և մեկ շատ կարևոր հանգամանք մեջբերեմ՝ այդ երեք խաղերում էլ մենք գոլ բաց չենք թողել, ինչը անչափ կարևոր է։ Մենք յուրաքանչյուր խաղին շատ լավ ենք տրամադրվում, իսկ խաղակցվածության հետ կապված թիմն ընդհանրապես խնդիր չունի, քանի որ թիմի նորեկները միացել էին մեզ հավաքի ժամանակ և շատ արագ ինտեգրվեցին՝ հասկանալով թիմի խաղաոճն ու գլխավոր մարզչի պահանջները»։
ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Առաջիկա հանդիպումը ԲԿՄԱ-ի դեմ է։ Մրցաշրջանի երկրորդ հատվածը նրանք շատ ավելի լավ ֆուտբոլ են ցուցադրում, քան առաջինում և կարծում եմ, որ շատ հետաքրքիր հանդիպում է սպասվելու, բայց մենք յուրաքանչյուր խաղին տրամադրվում ենք միայն հաղթանակի համար և գնալու ենք հերթական 3 միավորի հետևից։ Մնացած խաղերը նույնպես շատ բարդ են լինելու մեզ համար, բայց մենք հավատում ենք սեփական ուժերին և տրամադրվում ենք միայն հաղթանակի։ Թիմը պատրաստ է»։
ՍԵՓԱԿԱՆ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«Կարող եմ ասել, որ ձմեռային դադարի ընթացքում երկու շատ կարևոր հավաք ենք անցկացրել, որտեղ և կարողացել եմ ձեռք բերել լավ մարզավիճակ։ Կարծում եմ, որ այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և փորձում եմ յուրաքանչյուր խաղում որևէ օգտակար գործողությամբ աչքի ընկնել, որպեսզի օգնեմ իմ թիմին։ Ֆուտբոլիստներից յուրաքանչյուրն իր հերթին ինձ շատ է օգնում խաղի ընթացքում, և կարծում եմ, որ գնալով էլ ավելի պետք է լավացնեմ մարզավիճակս»։