«Ամենաուրախալին այն է, որ այս անգամ մրցակցությունն ավելի մեծ էր, դիտարժան մենամարտերն էլ` ավելի շատ»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը։
Նրա խոսքով` Հայաստանի առաջնության արդյունքներով ինքն առանձնացրել է մի քանի երիտասարդ բռնցքամարտիկների, որոնք մեծ պոտենցիալ և ապագա ունեն․
«Շատ և ամենակարևորը ճիշտ աշխատանքի դեպքում նրանք կարող են հաջողության հասնել։ Ամենաուրախալին այն է, որ այս անգամ մրցակցությունն ավելի մեծ էր, դիտարժան մենամարտերն էլ` ավելի շատ։ Նախապես դժվար էր ասել, թե ով կհաղթի։ Մասնակիցների քանակը ևս ուրախացնող էր։ Վերջին տարիներին այսքան շատ չէին բռնցքամարտիկները։ Այս մրցումներից առաջ բոլոր մարզիկներն աշխատել են իրենց տեղերում` հավասար պայմաններում, այդ իսկ պատճառով որոշներից գոհ եմ, որոշներից` ոչ։ Ժամանակ ունենք շտկելու»։
Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց չեմպիոնները
Բռնցքամարտիկները մի քանի օր հանգստանալուց հետո փետրվարի 10-ից 17-ը կարճատև հավաք կանցկացնեն Օլիմպավանում, ապա Հայաստանի առաջնության հաղթողները կմեկնեն Բուլղարիա` մասնակցելու Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին։ Մարտի վերջին ևս մեկ մրցաշարի բռնցքամարտիկները կմասնակցեն Սերբիայում, ինչից հետո կձևավորվի հավաքականի կազմը, որը կմասնակցի աշխարհի առաջնությանը, ինչպես նաև Եվրոպական խաղերին, որը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։
Կարեն Աղամալյանի խոսքով` Երևանում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը նպաստել է մարզաձևի մասսայականացմանը, և այն, որ Հայաստանի առաջնությանն այդքան մեծ թվով երկրպագուներ են հետևել, հենց դրա արդյունքն է։