Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող, Լոնդոնի «Արսենալում» ու «Կրիստալ Փելասում», Ամստերդամի «Այաքսում» և ֆրանսիական «Թուլուզում» հանդես եկած Յայա Սանոգոն տեղափոխվել է Երևանի «Ուրարտու»: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել է ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն։ 30-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականում աշխարհի չեմպիոն է, խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Լոնդոնի «Արսենալն» ու «Կրիստալ Փելասը», Ամստերդամի «Այաքսը» և ֆրանսիական «Թուլուզը»։ Սանոգոն «Արսենալի» հետ նվաճել է Անգլիայի գավաթը և սուպերգավաթը:
Ուրախ ենք ողջունել Սանոգոյին մեր ակումբում և մաղթում ենք նրան հաջող ելույթներ ու նվաճումներ թիմի հետ միասին։ Նշենք, որ Յայա Սանոգոն հանդես կգա 99 համարի մարզաշապիկով»,-ասված է ակումբի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Fastex ՀՊԼ գարնանային հատվածից առաջ «Ուրարտուն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը: