Սլովենիայի Ռուսեն քաղաքում այսօր մեկնարկել է օդամղիչ հրաձգության միջազգային վարկանիշային մրցաշարը: Մրցանակակիրներին կշնորհվեն ամռանը Լեհաստանում կայանալիք Եվրոպական երրորդ խաղերին մասնակցելու ուղեգրեր:
Մասնակիցների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ, ատրճանակավարներ Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը և հրացանակիր Հրաչիկ Բաբայանը: Նրանց մրցավայր է ուղեկցել վաստակաշատ մարզիչ Անդրանիկ Այվազյանը:
Մրցավարտից հետո նշած քառյակը կուղևորվի Խորվաթիա և կմասնակցի նույն սցենարով կայանալիք մրցաշարին:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ասել է, որ մարզաձևի առաջին կարևոր ստուգատեսը կհանդիսանա փետրվարի 8-10 –ը Երևանում նշանակված Հայաստանի առաջնությունը: Միջոցառմանը կմասնակցեն մեր բոլոր առաջատարները, քանզի մրցումների արդյունքներով կհամալրվի երկրի գլխավոր թիմը: Լավագույն մեր ինը նշանառուներ այնուհետև կմեկնեն Լեհաստանի Վրոցլավ քաղաք և կմասնակցեն փետրվարի 17-ից մարտի 4-ը կազմակերպվելիք ուսումնամարզական հավաքին:
Ավարտից հետո, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մարտի 5-12-ը թիմը հանդես կգա Եվրոպայի առաջնությունում: Ստուգատեսը վարկանիշային է և մրցաձևերի լավագույն երկու մրցանակակիրներին կհանձնվեն Փարիզի օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրեր: