Հայաստանում կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն կտրվի նաև մարզադպրոցների ուսուցիչներին և մարզիչներին:
Կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Արտադպրոցական կրթությունն ու դաստիարակությունը պետք է կարգավորվի օրենքով, որը հնարավորություն կտա կանոնակարգել ոլորտի հիմնախնդիրները, ապահովել համակարգի զարգացումը:
Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, կառավարությունն արտադպրոցական ոլորտում նախատեսում է ներդնել մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ։ «Այս պահին հանրապետությունում ունենք երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց և կենտրոն, որոնցից 50-ը տեղակայված են Երևանում, 190-ը՝ մարզերում։ Եվ այդ դպրոցներում և կենտրոններում սովորում է շուրջ 50 հազար երեխա: Բացի այդ, ունենք 174 սպորտային կազմակերպություններ, որտեղ մարզվել են ավելի քան 42 հազար երեխաներ։ Այս հաստատություններում ուսուցումը իրականացվում է նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլաններով, որով սահմանվում են համապատասխան բովանդակային չափորոշիչները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
«Այս փուլում հարմար ենք գտել անդրադառնալ մի քանի հրատապ հարցերի։ Մասնավորապես, «Կրթության մասին» օրենքի առաջարկվող փոփոխություններով նախատեսում ենք, որ մանկավարժներն ու մարզիչները կկարողանան անցնել կամավոր ատեստավորում և հաջող արդյունք ցուցաբերելու դեպքում ստանալ հավելավճար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը նաև հայտնել է, որ ատեստավորման կարգն ու հարցաշարերն այժմ մշակման փուլում են։ Ատեստավորումն իրականացվելու է առանձին փուլերով։ Առաջին փուլին մասնակցելու համար կարող են դիմել ազատ ոճի ու հունահռոմեական ըմշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները։