Ձմեռային 31-րդ համաշխարհային համալսարանական խաղերի մասնակից ՀՀ պատվիրակության մի մասը արդեն մրցավայրում է:
Հունվարի 12-ին տեղի կունենա խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ հաջորդ օրվանից իրենց ելույթները կսկսեն մեր պատվիրակներ՝ Մարինա Ասոյանը գեղասահքում և Միքայել Միքայելյանը դահուկավազքում:
Հայաստանի պատվիրակության կազմում մրցավայր են մեկնել 6 մարզիկներ, որոնք հանդես կգան 4 մարզաձևում: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն մենասահորդ Մարինա Ասոյանը, Արթուր Գրուզդև-Վիկտորյա Ազրոյան գեղասահքի պարային զույգը, դահուկավազորդ Միքայել Միքայելյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանը:
ՀՀ պատվիրակությունն այս տարի առաջին անգամ ձմեռային համաշխարհային ունիվերսիադային մասնակցում է պետական ֆինանսավորմամբ. կառավարությունն այս նպատակով ավելի քան 19 մլն դրամ է հատկացրել: