«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ դարպասապահ Ջորդան Պիկֆորդը մտադիր չէ հեռանալ ակումբից՝ չնայած այլ թիմերի հետաքրքրությանը:
«Կարծում եմ, որ մենք համապատասխանում ենք նրա հավակնություններին: Պիկֆորդը Անգլիայի թիվ 1-ն է և հիանալի աշխատանք է կատարում, և մենք գիտենք, թե որքան դժվար է դա: Մեծապես նրա շնորհիվ էր, որ մենք պահպանեցինք մեր տեղը Պրեմիեր լիգայում անցած մրցաշրջանում: Պիկֆորդը երջանիկ է «Էվերթոնում». Չեմ ուզում խոսել նրա փոխարեն, բայց այդ տպավորությունն ունեմ՝ դատելով նրա խոսքերից։ «Էվերթոնը» մեծ ակումբ է, որն ունի մեծ պատմություն, և Ջորդանը այդ պատմության մի մասն է»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Պիկֆորդը «Էվերթոնում» հանդես է գալիս 2017 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 14 խաղում բաց է թողել 17 գնդակ և 3 անառիկ է պահել իր դարպասը։