«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ ակումբին մրցունակ լինելու համար անհրաժեշտ են ֆինանսական զգալի ներդրումներ։
Fenway Sports Group-ը, որին պատկանում է «Լիվերպուլը», պատրաստ է բանակցել ակումբի վաճառքի շուրջ։ Դիտարկվում է նաև ակումբի բյուջե լրացուցիչ միջոցներ ներգրավելու տարբերակը։
«Կարծում եմ՝ կասկած չկա, որ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» սեփականատերերին ասել է. «Ամառային տրանսֆերների համար ինձ 200-250 մլն ֆունտ է անհրաժեշտ»: Այս ցուցանիշը սարսափելի է թվում, բայց ահա թե որքան են ծախսել «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» անցած ամռանը: Այսպիսով, սրանք այն թվերն են, որոնք ծախսում են Լիվերպուլի դեմ մրցող թիմերը:
Հավանաբար, Կլոպի գլխավորությամբ «Լիվերպուլը» մի անգամ նման ծախսերի է գնացել, կարծում եմ, որ դա եղել է Չեմպիոնների լիգայի առաջին եզրափակիչ խաղից անմիջապես հետո, երբ նրանք շատ խաղացողներ են գնել։ Ինձ թվում է՝ սա այն է, ինչ հիմա անհրաժեշտ է։ Չեմ կարծում, որ FSG-ն այժմ նման միջոցներ ունի, և այդ իսկ պատճառով նրանք փնտրում են ներդրումներ, որոնք կօգնեն իրենց»,- Կարագերի խոսքն է մեջբերել Sky Sports-ը: