«Անցնող տարին աննախադեպ էր հայկական սպորտի պատմության մեջ»,-այսպես է գնահատել 2022 թվականը ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօր անցկացնում էր Հայաստանի 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությունը:
Լրագրողների քվեարկությունից հետո տեղի ունեցավ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի մամուլի ասուլիսը:
«Միջազգային մրցաշարերին մարզիկների մասնակցության մասին խոսում են թվերը: Սպորտը շատ չափելի է: Կա մեդալ` կա արդյունք: Եթե չկա մեդալ, ուրեմն արդարացումները տեղին չեն»,- նկատում է փոխնախարարը:
Այս պահին Հայաստանն ունի 306 մեդալ, որից 104-ը՝ ոսկե: Անցած տարի ունեցել ենք 199 մեդալ:
«Սա երբևէ լավագույն արդյունքն է: Հիմա նայում եմ լավագույնների թեկնածուներին ու տեսնում, որ շատ հզոր ցանկ է: Իմ համեստ հաշվարկներով երկու չեմպիոն չեն լինի տասնյակում: Սա խոսում է այն մասին, որ մեծ արդյունքներ ենք ունեցել: Իհարկե, սա խոսում է նաև մարզիչների աշխատանքի մասին: Պետք է շեշտեմ նաև կառավարության աշխատանքը: Մենք տարեսկզբին ավելացրել էինք բյուջեն, բայց տարվա ընթացքում, երբ տեսանք, որ իսկապես տոմսերի ու հավաքների գումարները շատ թանակցել են, մենք մեծացրեցինք բյուջեն կառավարության աջակցությամբ»,-ասաց Գիլոյանը:
Խոսելով գալիք ծրագրերի մասին` ԿԳՄՍ փոխնախարարից տեղեկանում ենք, որ այս պահին մարզական գերատեսչության ռազմավարությունն ընդգրկում է 2023-2030 թվականները և «եթե 50 տոկոսն էլ կարողանան իրականացնել, կունենանք լուրջ արդյունքներ»: