4.07.25

Իմ հոգում սա մեծ իրողություն էր. բացվել է լեգենդար Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ կիսանդրին

«Իմ հոգում սա մեծ իրողություն է: Ուրախ եմ, որ կենդանության օրոք ներկա եմ իմ կիսանդրու բացմանը» … լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն իրեն բնորոշ համեստությամբ և ժպիտով մասնակցում է իր կիսանդրու բացման արարողությանը:

Կենդանի լեգենդ Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ կիսանդրու հեղինակը քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Գերասիմ Շահվերդյանն է: Այն ստեղծվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և տեղադրվել է Ալբերտ Ազարյանի անունը կրող մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում:

Լեգենդար Ալբերտ Ազարյանը խոստովանում է՝ իր համար սա կարևոր և նշանակալի իրադարձություն էր. «Իհարկե, հավանել եմ արձանը: Իմ հոգում սա մեծ իրողություն է: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք իրականացրել են այս նախաձեռնությունը: Ես մշտապես զգացել եմ ձեր սերն ու հարգանքը»:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից, անվանի մարզիկներ և այլ պաշտոնյաներ:

«Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, միջազգային ասպարեզում անվանի և հարգված մարզիկը՝ 93-ամյա Ալբերտ Ազարյանը, այսօր էլ մեր կողքին է՝ եռանդուն ու հպարտ,- փաստել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ընդգծել,- շատ քչերին է բախտ վիճակվել կենդանության օրոք ներկա գտնվել իր արձանի բացմանը: Դուք այդ իրավունքը վաստակել եք և արժանի եք այս մեծարանքին: Մաղթում եմ, որ դեռ երկար տարիներ՝ առավոտյան մարզման գալիս, հայացք նետեք Ձեր կիսանդրուն և հասկանաք, որ Դուք մեր հպարտությունն եք»:

Քանդակագործ Գերասիմ Շահվերդյանի խոսքով՝ կիսանդրին ստեղծելու առաջարկը ստացել էր վաղուց՝ 2013 թվականին, երբ անվանի մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի արձանն էր տեղադրվում.

«Ինձ համար այսօր շատ պատասխանատու օր է: Բացում ենք մի արձան, որը նվիրված է մեր լեգենդար մարմնամարզիկին: Արձանը ստեղծելիս Ազարյանին պատկերել եմ 27-28 տարեկանում, երբ նա արդեն Oլիմպիական չեմպիոն էր: Ուզում էի՝ երիտասարդ լինի, որ սերունդները նրան այդպիսին հիշեն: Աշխատանքի ընթացքն այնքան էլ երկար չի տևել: Ազարյանը շատ համեստ անձնավորություն է. հավատացե՛ք՝ ընթացքում որևէ նկատողություն չի արել, առանձնահատուկ ցանկություններ չի հայտնել, թե ինչպիսին կուզեր տեսնել իր արձանը»,- ասել է քանդակագործը:

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանն 93 տարեկան է: Ծնվել է 1929 թվականին Գանձակում՝ արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։

ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ