ԱԱ 2022-ի խմբային փուլի երրորդ տուրում Սենեգալի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Էկվադորին։
Սենեգալի հավաքականի ավագ Կալիդու Կուլիբալին նշել է, որ թիմն այս հաղթանակը նվիրել է ուղիղ երկու տարի առաջ կյանքից հեռացած սենեգալյան ֆուտբոլի լեգենդ Պապա Բուբա Դիոպի հիշատակին։ Դիոպը Սենեգալի՝ աշխարհի առաջնություններում առաջին գոլի հեղինակն է։
«Կարծում եմ, որ առաջին խաղից հետո շատերը չէին հավատում մեզ, բայց մենք վստահ էինք մեր ուժերի վրա։ Հիանալի հանդիպում անցկացրինք հիանալի թիմի դեմ, որը լավ էր պայքարում: Չնայած նրանք հավասարեցրին հաշիվը, մենք կարողացանք հաղթանակ կորզել։
Սենեգալցիների համար հատուկ օր էր։ Մեր առաջին գոլը Պապա Բուբա Դիոպին էր: Այսօր նրա մահվան տարելիցն է։ Մենք շատ էինք ուզում այսօր ինչ-որ մեծ բան անել նրա համար: Նա մեր մանկությունն էր, նա ամեն ինչ էր սենեգալյան ֆուտբոլի համար: Սա մեծ կորուստ էր մեզ համար։ Նրան է նվիրված այսօրվա հաղթանակը։ Մեծ պատիվ է նրա համարն իմ թևկապին ունենալը»,- ասել է Կուլիբալին beIN Sports-ի հետ զրույցում։
Սենեգալի հավաքականը A խմբում զբաղեցրեց երկրորդ տեղն ու դուրս եկավ ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչ։
























































