ԱԱ 2022-ի խմբային փուլի 3-րդ տուրում կայացան A խմբի հանդիպումները։
Նիդերլանդների հավաքականը 2։0 հաշվով հաղթեց մրցաշարն ընդունող երկրի՝ Կատարի հավաքականին։
26-րդ րոպեին հոլանդացիների կազմում հաշիվը բացեց Կոդի Գակպոն՝ խփելով այս Մունդիալում իր 3-րդ գոլը։
49-րդ րոպեին Ֆրենկի դե Յոնգը կրկնապատկեց Նիդերլանդների առավելությունը։
Լուի վան Գալի գլխավորած թիմը խմբային փուլն ավարտեց առաջին տեղում՝ վաստակելով 7 միավոր։
Խմբի մյուս խաղում Սենեգալի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Էկվադորին։
Առաջին կեսի վերջնամասում սենեգալցիների կազմում հաշիվը բացեց Իսմայիլա Սարը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
68-րդ րոպեին Մոյզես Կայսեդոն հավասարեցրեց խաղի հաշիվը։ 4 րոպե անց սենեգալի հավաքականի պաշտպան Կալիդիու Կուլիբալիի խփած գոլը հաղթանակ պարգևեց իր թիմին։ Սենեգալը վաստակեց 6 միավոր և խմբում գրավելով 2-րդ տեղը՝ դուրս եկավ փլեյ օֆֆ։
Էկվադորի հավաքականը 4 միավորով խմբային փուլն ավարտեց 3-րդ տեղում։ Կատարի հավաքականն այդպես էլ միավոր չվաստակեց տնային Մունդիալում։
A խմբի վերջնական տեսքը
1․ Նիդերլանդներ — 7 միավոր
2․ Սենեգալ — 6
3․ Էկվադոր — 4
4․ Կատար — 0