Այսօր՝ նոյեմբերի 29-ին, կկայանան ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումները: Միևնույն ժամին՝ 19:00-ին, միմյանց հետ կմրցեն A խմբի թիմերը: «Խալիֆա Ինթերնեյշընլ» մարզադաշտում Էկվադորը կմրցի Սենեգալի հետ, իսկ «Ալ-Բայթում» Նիդեռլանդները կխաղա Կատարի հետ:
Երկու տուրից հետո A խմբի մրցաշարային աղյուսակում իրավիճակն այսպիսին է՝
Նիդեռլանդներ՝ 4 միավոր (3-1 գոլերի հարաբերակցությամբ)
Էկվադոր՝ 4 միավոր (3-1)
Սենեգալ՝ 3 միավոր (3-3)
Կատար՝ 0 միավոր (1-5)
Վերջին տուրից առաջ A խմբում տիրող իրավիճակը
Կատարը ժամանակից շուտ կորցրել է փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը: Վերջին տուրում Ֆելիքս Սանչես Բասի սաները կարող են խմբում իրենց մրցակիցներին օգնել, եթե միավորներ խլեն Նիդեռլանդներից: Լուի վան Գալի թիմը խմբից դուրս գալու համար պետք է պարզապես չպարտվի, իսկ հաղթանակիի դեպքում խմբից առաջին տեղով դուրս կգա: Ոչ-ոքին, ամենայն հավանականությամբ, նույնպես առաջին տեղը կապահովի, բայց այդ ժամանակ պետք է նաև զուգահեռաբար ընթացող խաղի արդյունքը դիտարկել:
Էկվադորին հաջորդ փուլ դուրս գալու համար բավարար կլինի ոչ-ոքին: Գուստավո Ալֆարոյի թիմի՝ Սենեգալի նկատմամբ հաղթանակը և Նիդեռլանդների՝ միավորներ կորցնելը, Էկվադորին թույլ կտա առաջին տեղով դուրս գալ փլեյ-օֆֆ:
Սենեգալն առաջվա պես պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը: Ալիու Սիսեի թիմը պետք է անպայման միավորներ վաստակի Էկվադորի դեմ խաղում: Ոչ-ոքիի դեպքում պետք է հույս դնել Նիդերլանդների՝ Կատարի դեմ խաղում պարտության վրա, ինչպես նաև՝ լրացուցիչ ցուցանիշների լավագույն տարբերության: Հաղթանակի դեպքում Սենեգալը կապահովի իր տեղը փլեյ-օֆֆում, իսկ եթե նրանց հաղթանակին զուգահեռ Կատարը ևս հաղթի, ապա սենեգալցիներն առաջին տեղով դուրս կգան խմբից:
Ո՞ր թիմերի հետ կխաղան A խմբի թիմերը փլեյ-օֆֆ փուլում
1/8 եզրափակչում A խմբից փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերը կխաղան B խմբի թիմերի հետ, որտեղ հանդես են գալիս Անգլիան (4 միավոր), Իրանը (3 միավոր), ԱՄՆ-ը (2) և Ուելսը (1):
A խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմը կխաղա B խմբի երկրորդ հորիզոնականը զբաղեցրած թիմի հետ: Եթե խմբային փուլն ավարտվեր հենց հիմա, ապա դեկտեմբերի 3-ին մենք կտեսնեինք Նիդեռլանդներ-Իրան զույգը:
A խմբում երկրորդ տեղը զբաղեցրած թիմը կխաղա B խմբի առաջատարի հետ: Այս պահին՝ Անգլիա-Էկվադոր:
























































