Կամերունի հավաքականի գլխավոր մարզիչ Ռիգոբեր Սոնգն ասել է, որ հպարտանում է իր հայրենակից Բրեել Էմբոլոյով, որը Շվեյցարիայի հավաքականի կազմում միակ գոլը հեղինակեց՝ գրավելով Կամերունի դարպասը ԱԱ-2022-ում։
Ծնունդով կամերունցի 25-ամյա Էմբոլոն աչքի ընկավ 48-րդ րոպեին և չտոնեց խփած գոլը։
«Մենք ճանաչում ենք իրար, նա իմ փոքր եղբայրն է։ Հաճախ ենք հեռախոսով խոսում իրար հետ, ուզում էի շնորհավորել նրան։ Միայն որովհետև մենք տարբեր թիմերում ենք, չի նշանակում, որ դադարել ենք եղբայրներ լինել։
Նա չտոնեց իր գոլը, բայց այս ամենը ֆուտբոլի մի մասն է։ Ուրախ եմ նրա համար ու հպարտանում եմ նրանով։ Նա հանդես է գալիս Շվեյցարիայի հավաքականում, և ես կցանկանայի, որ նա իմ թիմում լիներ, բայց կյանքն այսպիսին է։
Մեզ համար ամենակարևորն այն է, թե մենք ինչպես խաղացինք, ինչ կարողացանք ավելի լավ անել, այլ ոչ թե պետք է մտածենք, թե ով է մեզ գոլ խփում»,- Սոնգի խոսքերն է փոխանցում Reuters-ը։
























































