Ծաղկաձորում ավարտվել է «ՉեսսՄուդ Օփեն» միջազգային մրցաշարը։
Մրցաշարի Ա խմբում հաղթողի կոչմանն արժանացել է գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը։ Նա 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր։ Նույնքան միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Իրանի ներկայացուցիչ Ամիռեզա Պու Աղա Բալան։
Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Արման Փաշիկյանը 6,5-ական միավորներով կիսել են 4-6-րդ տեղերը։
Բ խմբում ևս հաղթանակ է տարել Հայաստանի ներկայացուցիչը։ Հաղթողի կոչումը նվաճել է Ալեն Գևորգյանը:
Մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սմբատ Լպուտյանը։
«ՉեսսՄուդ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարն անցկացվել է Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն։
Մրցաշարին մասնակցել են 11 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Իրանի, Իրաքի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Ինդոնեզիայի շուրջ 180 շախմատիստներ, այդ թվում` 18 միջազգային գրոսմայստեր և 37 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 10 250 000 ՀՀ դրամ է: