Սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպմանը խոսել է Մյունխենում անցկացված Եվրոպայի առաջնությունում թիմի մասնակցության մասին:
«Այս արդյունքը շատ կարևոր է: Մեր պայմաններն այն չէ: Նախքան ԵԱ-ին մասնակցելը մենք Թբիլիսիում 21-օրյա ուսումնամարզական հավաք անցկացրինք, որտեղից էլ մեկնեցինք ԵԱ-ին: Շատ արդյունավետ հավաք ունեցանք: Ուրախալի հանգամանքի մասին կուզեմ խոսել՝ մեր երիտասարդները: Անսպասելի էր, որ չեմպիոն ունեցանք: Սպասում էինք մեդալի, բայց չէինք մտածում, որ կկարողանանք ոսկե մեդալակիր ունենալ: Համլետ Մանուկյանն էլ երկու արծաթե մեդալ նվաճեց: Մարմնամարզության մեջ սա բավական բարդ է: Այնքան լավ հանդես եկավ, որ օլիմպիական չեմպիոն Քրիստիան Բերկին եկել իրեն էր փնտրում: Հանդիպեց, շնորհավորեց մեր տղային: Ապագա ունենք: Մեր հավաքականի տղաները մեծացել են ու շատ ուրախ եմ, որ նրանց ետևից եկող սերունդ ունենք: Որպես հավաքականի գլխավոր մարզիչ՝ հույս ունեմ, որ շուտով արդեն կկարողանանք մարզվել նոր մարզադահլիճում՝ բարելավված պայմաններով: Սա մեր վերջին երազանքն է»,- ասել է Հակոբ Սերոբյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի մեծահասակների հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Կարիերայում երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 38-ամյա Հարություն Մերդինյանը՝ հավասարը չունենալով նժույգ թափեր վարժությունում։ ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսն էլ նվաճել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզեմեդալակիր Արթուր Դավթյանը՝ հենացատկից:
Երիտասարդ մարմնամարզիկներն էլ Արտակ Այդինյանի գլխավորությամբ 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Էրիկ Բաղդասարյանը՝ ոսկե մեդալ նվաճելով զուգափայտից, իսկ Համլետ Մանուկյանը հռչակվել է Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն: Մանուկյանը երկու արծաթե մեդալ է նվաճել նժույգ թափեր և օղակներ վարժություններից։