Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է Հայաստանի հավաքականների փայլուն ելույթներին Եվրոպայի առաջնությունում.
«Վերջին տարիներին մեր մարզիկները պարզապես պատմություն են կերտում ՝ միջազգային բոլոր հեղինակավոր մրցաշարերում (Աշխարհի գավաթ, Եվրոպական օլիմպիական խաղեր, համաշխարհային ուսանողական խաղեր, Եվրոպայի առաջնություն, Աշխարհի առաջնություն, Օլիմպիական խաղեր) նվաճելով ամենատարբեր հարկի մեդալներ։
Անձամբ ներկա լինելով որոշ միջազգային մրցաշարերի ՝ պարզապես անբացատրելի հիացմունքի և հպարտության ակնթարթներ եմ ապրել ՝ տեսնելով միջազգային ամենատարբեր մրցաշարերում մեր մարզիկների աճող հեղինակությունը։ Վստահեցնում եմ բոլորիդ ՝ հայկական մարմնամարզությունը համաշխարհային մարմնամարզության մեջ ունի մեծ հեղինակություն և վայելում է ոլորտում աշխարհի պրոֆեսիոնալների հարգանքը։
Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել թիմի ավագ Հարություն Մերդինյանին, ով 38 տարեկան հասակում էլ մայրցամաքի ամենաուժեղ մարմնամարզիկներից մեկն է համարվում, ում մարզական անցած ճանապարհը պարզապես հպարտանալու է, օրինակելի և ուսուցողական իրեն փոխարինող սերնդի համար։
Ցանկանում եմ ևս մի անչափ կարևոր իրողության մասին խոսել. վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի երիտասարդների առաջնություններից նվաճել է 4 մեդալ (1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե), իսկ միայն Մյունխենյան Եվրոպայի առաջնությանը (2022թ.) մեր երիտասարդ մարմնամարզիկները նվաճեցին 3 մեդալ (1 ոսկե և 2 արծաթե)։ Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ մեր պատմություն կերտած մարզիկներին գալիս են փոխարինելու երիտասարդներ, որոնք անպայմանորեն կշարունակեն իրենց մեծ եղբայրների հզոր և փառապանծ ճանապարհը։
Եվ իհարկե, ևս մեկ անգամ ցանկանում եմ երախտիքի խոսք հնչեցնել մեր փառապանծ մարզիչներին, տղամարդկանց հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ։ Շնորհակալություն ձեզ ձեր կատարած աշխատանքի համար »,- գրել է Գագիկ Վանոյանը: