Հայաստանի մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում երկրորդ արծաթե մեդալն է նվաճել՝ այս անգամ օղակներ վարժությունից։
Ավելի վաղ, Մանուկյանը ԵԱ-ի փոխչեմպիոնի կոչումը նվաճել էր նժույգթափեր վարժությունում։
Հիշեցնենք՝ երիտասարդական հավաքականի բոլոր մարզիկները դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Համլետ Մանուկյանը եզրափակիչ էր դուրս եկել նժույգթափեր և օղակներ վարժությունում, Մամիկոն Խաչատրյանը՝ նժույգթափեր, Էրիկ Բաղդասարյանը՝ օղակներ և զուգափայտ։
Մեծահասակների պայքարում էլ եզրափակիչ են դուրս եկել մեր 5 մարզիկներից 4-ը: Արթուր Դավթյանը հաղթահարել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման փուլը: Ի դեպ, Դավթյանը հենացատկի եզրափակիչ է դուրս եկել առաջին հորիզոնականով (15,149 միավոր): Նժույգթափերի եզրափակիչ է դուրս եկել նաև Հարություն Մերդինյանը՝ երրորդ հորիզոնականով (14.500 միավոր): Օղակների վրա վարժության եզրափակիչ են անցել Վահագն Դավթյանը (14.666) և Արթուր Ավետիսյանը (14.633):
Մեծահասակների առանձին գործիքների եզրափակիչները կմեկնարկեն ժամը 15։45-ից։