NOS հեռուստաընկերության աշխատակիցները վերլուծել են լեգենդար Յոհան Կրույֆի մասին նկարահանված նախկին տեսանյութերը, որպեսզի բացառիկ ռեպորտաժ պատրաստեն հոլանդացու 75-ամյա կապակցությամբ։
1980-ականների կեսերին Յոհան Կրույֆը մանկապատանեկան շոու է վարել՝ «Cruyff en Co», որտեղ զրուցել է պատանի ֆուտբոլիստների հետ։
Պատանիներից մեկը եղել է 13-ամյա Էրիկ տեն-Հագը, որը ներկայումս գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Իհարկե, ես չէի հասկանում, թե ինչ մակարդակի ֆուտբոլիստի հետ եմ զրուցում։ Բայց իմ հորեղբայրները ներկայացրել էին, թե ով է Կրույֆը, այդ պատճառով էլ ես հիացած էի։ Յոհանը մեզ հետ մարզում անցկացրեց, իսկ հետո ամբողջ թիմին հրավիրեց տաղավար։ Ես անընդհատ ձեռք էի բարձրացնում, քանի որ ցանկանում էի որքան հնարավոր է շատ հարց տալ»,- հիշել է Էրիկ տեն Հագը։
Էրիկը հարցրել է Կրույֆին, թե ինչպես կարելի է զարգացնել տեխնիկան։ Յոհանի պատասխանը եղել է հակիրճ՝ «Պետք է շատ մարզվել»։ Բացի այդ, պատանի Էրիկը բանավիճել է Կրույֆի հետ երիտասարդների հանդեպ մոտեցումների վերաբերյալ։
Յոհան Կրույֆը հարցրել է․
— Երբեմն մարզիչը բղավում է, թե՞ ձեզ հետ նման դեպք չի լինում։
— Ինձ թվում է, որ դուք պետք է չբղավեք երիտասարդների վրա, քանի որ այդպես կարող եք կոտրել նրանց։ Բայց ավելի բարձր մակարդակի վրա (օրինակ՝ «Այաքսի» հիմնական թիմում), դուք կարող եք ներկայացնել ձեր դժգոհությունները։ Այս տղաները մարզվում են գրեթե ամեն օր։ Եթե նրանք շարունակում են նույն սխալը կրկնել, ապա դուք պետք է կարողանաք բացատրել նրանց։
— Այսինքն՝ դուք տարբերությո՞ւն եք դնում երիտասարդական և պրոֆեսիոնալ ֆուտբոլի միջև։
— Այո,- ասել է 13-ամյա Էրիկ տեն Հագը։
Երբ նա գլխավորել էր «Այաքսը», լրագրողները նկատել էին, որ իր գրասենյակում դրված է Յոհան Կրույֆի նկարը։
«Կա պատճառ, թե ինչու եմ ես գրասենյակում դրել Կրույֆի նկարը։ Հաղթանակը կարևոր է, բայց ես ուզում եմ դրան հասնել կոնկրետ ոճով։ Դուք պետք է դիտարժան և գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեք, քանի որ խաղում եք մարդկանց համար։ Յոհան Կրույֆը դեռ այստեղ է։ Դուք կարող եք զգալ նրա ԴՆԹ-ն»,- ասել է Էրիկ տեն Հագը։
























































