«Մանչեսթեր Յունայթեդի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեռ չի ժամանել ՄՅՈՒ-ի մարզաբազա։
Ինչպես հայտնում է Goal-ի թղթակից Ջեյմս Ռոբսոնն իր միկրոբլոգում, 37-ամյա խաղացողը երրորդ օրն անընդմեջ բացակայում է թիմի մարզումներից։
Աղբյուրը նաև պնդում է, որ ակումբը նույնիսկ չգիտի, թե արդյոք Ռոնալդուն կմիանա թիմի նախամրցաշրջանային շրջագայությանը Ասիա և Ավստրալիա, որը կմեկնարկի հուլիսի 12-ին։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն ընտանեկան պատճառներով բաց է թողնելու մարզման առաջին օրը, սակայն նա չի զգուշացրել, որ ավելի երկար է բացակայելու։