Vbet ՀՊԼ-ի 35-րդ տուրում ԲԿՄԱ-ն 0-3 հաշվով պարտվեց «Ալաշկերտին»։
Հետխաղյա ասուլիսի ժամանակ իր տպավորություններով կիսվեց ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը՝ պատասխանելով նաև ArmSport-ի հարցերին։
«Այսօր մեր ֆուտբոլիստները լավ տրամադրված չէին մտել դաշտ։ Նախորդ տուրում տոնած հաղթանակը խաղացողների մեծ մասին ավելորդ ինքնավստահություն էր տվել։ Մրցակիցը շատ որակով թիմ էր, ինչը զգացնել տվեց իրեն։
Պետք է նշել նաև, որ հոգնածության կուտակում կար մեր տղաների մոտ։ Մյուս խաղին որոշակի ռոտացիա կկիրառենք։
Կապված Ալեքսանդր Գլիշիչի՝ ԲԿՄԱ հնարավոր տեղափոխության հետ՝ իհարկե, կուզեի, որ նա տեղափոխվեր, սակայն այդ մասին կոնկրետ բան չեմ կարող ասել։ Կապ չունի, կլինի Գլիշի՞չը, թե՞ մեկ այլ փորձառու հարձակվող։ Ամեն դեպքում մենք ունենք այդպիսի հարձակվողի կարիք, որը կարող է նաև հայ լինել։
Թիմերի մեծ մասի հետ որոշակի պայմանավորվածություն կա, որ իրենց ֆուտբոլիստները շարունակեն հանդես գալ ԲԿՄԱ-ում։ Հավանաբար կկարողանանք այս կազմը պահպանել։
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի այն կարծիքին, թե Ալբերտ Խաչումյանը մեր թիմում այնքան էլ շատ խաղաժամանակ չի ստանում, կպատասխանեմ հետևյալ կերպ․ Ալբերտը ԲԿՄԱ-ում ստացել է եռակի-քառակի ավելի խաղաժամանակ, քան ստանում էր «Արարատ-Արմենիայում»։
Բացի դա, Խաչումյանը որոշակի ադապտացիոն խնդիրներ ուներ, սակայն այդ ուղղությամբ զգալի բարելավվում ունի։ Հույս ունեմ, որ հաջորդ մրցաշրջանում նա լինելու է մեր հիմնական կենտրոնական պաշտպաններից մեկը»։