Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի 9-ակի չեմպիոն Վիկ Դարչինյանը անձամբ է հետևում Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությանը: Լեգենդար բռնցքամարտիկն ասում է՝ կարիերայի ընթացքում բազում մրցաշարերի է մասնակցել՝ թե՛ որպես մարզիկ, թե՛ որպես հյուր, և երևանյան առաջնությունը ոչնչով չի զիջում դրանց.
«Ամեն ինչ հիանալի է կազմակերպված: Շատ մրցաշարերի եմ ներկա եղել ու կասեմ՝ տարբերություն չկա Հայաստանի կազմակերպած առաջնության և համաշխարհային մակարդակի մրցումների միջև: Բացման արարողությունը ֆանտաստիկ էր: Ընթացքը ևս հիանալի է:
Կարծում եմ՝ հյուրերը տպավորված են հայաստանյան ենթակառուցվածքներից ու հետագայում էլ կցանկանան վերադառնալ այստես՝ որպես զբոսաշրջիկ: Այս առումով ևս այս առաջնությունը շատ կարևոր է մեր երկրի համար»,- ասել է Վիկ Դարչինյանն ու խոսել նաև մեր թիմի տղաների ելույթների մասին:
Հիշեցնենք՝ Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը և 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը, ովքեր, սակայն, պարտվել են մեկնարկում:
«Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի տղաներին, ապա կարծում եմ՝ այսօրվա մենամարտերը գրեթե հավասար պայքարում անցան, թեև իսկապես մերոնք մի փոքր զիջեցին: Մրցավարությունը շատ բարձր մակարդակի վրա է, շատ լավ են աշխատում»,- ասել է Դարչինյանը:
Հայաստանն այսօր ևս մեկ ներկայացուցիչ կունենա Եվրոպայի առաջնությունում: Երեկոյան մրցափուլի ընթացքում ռինգ դուրս կգա 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը՝ ուժերը չափելով մոլդովացի Դմիտրի Կոստյուկի հետ: Մեկնարկը՝ 18:00-ից է: