«Մանչեսթեր Սիթին» երկրորդ տարին անընդմեջ դառնում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոն։
ԱՊԼ-ի վերջին տուրից առաջ Պեպ Գվարդիոլայի սաները մեկ միավորի առավելություն ունեին «Լիվերպուլի» նկատմամբ։ 38-րդ տուրում «քաղաքաբնակները» սեփական հարկի տակ հանդիպեցին «Ասթոն Վիլային»։
69-րդ րոպեի դրությամբ հյուրերը հաղթում էին 2-0 հաշվով։ Գոլի հեղինակ էին դարձել Մեթթի Քեշը և Ֆելիպե Կոուտինյոն։ Հաջորդ 13 րոպեների ընթացքում «Մանչեսթեր Սիթին» ոչ միայն կարողացավ հավասարեցնել հաշիվը, այլև կամային հաղթանակ տոնել։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Իլկայ Գյունդողանը, ևս մեկ գոլ խփեց Ռոդրին։ Այսպիսով, Գվարդիոլայի սաները վաստակեցին 93 միավոր և անհասանելի դարձան «Լիվերպուլի» համար։
Զուգահեռաբար ընթացող խաղում Յուրգեն Կլոպի թիմը 3-1 հաշվով առավելության հասավ «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ։ Մերսիսայդցիների կազմում գոլի հեղինակ դարձան Սադիո Մանեն, Մոհամեդ Սալահը և Էնդրյու Ռոբերտսոնը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Պեդրու Նետուն։ «Լիվերպուլը» մրցաշրջանն ավարտեց երկրորդ հորիզոնականում։