Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում իրենց հիանալի են դրսևորել Հայաստանի ներկայացուցիչները։
29-ամյա Աշոտ Ադամյանը 65 կգ քաշային կարգում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում հաղթանակի հասնելով Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ:
Սա Ադամյանի համար Եվրոպայի 8-րդ չեմպիոնությունն էր:
Երրորդ տեղը զբաղեցրել է ադրբեջանցի մարզիկը, որը պարգևատրման արարողության ժամանակ ծիծաղելի իրավիճակում է հայտնվել, երբ թաթերի վրա կանգնելով՝ փորձել է իր երկրի դրոշն ավելի բարձր պահել հայկական եռագույնից:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ,17-ամյա Արման Մրտեյանը 4 օրում 4 ոսկե մեդալ է նվաճել։
Մրտեյանը մրցում էր 60 կգ քաշային կարգում։ Իր տարիքային խմբում աջ և ձախ բազուկների մրցման 2 ոսկե մեդալները նվաճելուց հետո մարզիկն իր ուժերը չափեց նաև մեծահասակների մրցմանը, որտեղ ևս 2 ոսկե մեդալ նվաճեց՝ դառնալով Եվրոպայի քառակի չեմպիոն։
Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնում էր 11 մարզիկ։