Այսօր՝ մայիսի 14–ին տեղի ունեցան Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահական ընտրությունները։
Ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը, ով 2004 թվականից Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահն է։ Այսօր կայացած ընտրություններում այլ թեկնածու չի առաջադրվել և Սերժ Սարգսյանը ձայների մեծամասնությամբ վերընտրվեց ֆեդերացիայի նախագահ։
Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ ընտրվեց Սմբատ Լպուտյանը, նախագահի տեղակալ՝ Լևոն Յոլյանը։
Հայաստանի շախմատային ֆեդերացիան ստեղծվել է 1927 թվականին։ Հայաստանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) անդամ է 1992 թվականից: Հենց այդ տարվանից սկսվում են երկրի շախմատիստների խոշորագույն հաջողությունները միջազգային ասպարեզում:
1970 թվականից Երևանում գործում է շախմատի տունը, որը 1984-ից կրում է Տիգրան Պետրոսյանի անունը: 1971 թվականին հիմնվել է շախմատի մասնագիտացված դպրոցը: 2002 թվականին հիմնադրվել է Հայաստանի շախմատի ակադեմիան, որն այժմ ունի 55 մասնաճյուղ: Երևանի բոլոր համայնքներում գործում են շախմատի մասնագիտացված դպրոցներ: 2011թ.-ից Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում շախմատը ընդգրկված է ծրագրային առարկաների շարքում: