VBET Հայաստանի Գավաթի եզրափակչում «Նորավանքը» 2-0 հաշվով հաղթեց «Ուրարտուին» ու առաջին իսկ մասնակցությամբ դարձավ գավաթակիր։ Խաղից հետո լրագրողներին հանդիպեց թիմի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը․
«Խաղը շատ լավ սկսեցինք, գիտենք, որ մրցակիցը գնդակի վերահսկմանը շատ լուրջ է վերաբերվում, մենք նրանց խաղը լավ վերլուծել էինք։ 30-40-րդ վայրկյանին պահ ունեցանք, չկարողացանք արդյունքի հասնել։ Մենք ստանդարտների վրա շատ էինք աշխատել, ուրախ եմ, որ այդ դիրքից գոլ խփեցինք։
Երկրորդ կեսում զգացնել տվեց մեր թիմի հոգնածությունը, երկու թիմն էլ նույն գրաֆիկով է խաղում նույն առաջնությանը, բայց նրանց ունեցած ակադեմիան ու երկրորդ թիմը առավելություն է տալիս այսպիսի գրաֆիկի դեպքում։
Ունեինք վնասվածքներ, շնորհակալ եմ այն ֆուտբոլիստներին, որոնք վնասվածքներով խաղացին այսօր։ Մենք շատ լավ պաշտպանվեցինք, Հենրի Ավագյանը փայլուն գործեց դարպասում։
Կարող էինք 3-րդ գոլն էլ խփել, բայց 2-0-ն էլ հաշիվ է, որը մեզ գավաթակիր է դարձնում։
Կարծում եմ՝ շատ արժանի ենք այս Գավաթին։
Գրաֆիկը շատ խիտ է, ու ֆուտբոլիստների համար խաղալը շատ դժվար է, բայց նաև հետաքրքիր է, չեմ դժգոհում։
Պատշաճ կպատրաստվենք մեր մյուս խաղին, որը 3 օրից է։ Շատ դժվար է, երբ դարձել ես գավաթակիր, բայց 3 օրից խաղ ունես։
Ցանկացած եզրափակիչ թիմը հաղթում է առաջին հերթին հոգեբանական գործոնի շնորհիվ։ Ընդմիջմանը ասել եմ, որ երկրորդ կեսի առաջին 15 րոպեն մեզ համար ամենադժվարն է լինելու, մեծ ճնշում է լինելու, որից մենք պետք է խուսափենք հենց նրանց կիսադաշտում։ 70-րդ րոպեից ևս 3-4 րոպե նրանք մեծ ճնշում գործադրեցին, որից հետո մենք փոփոխություններ կատարեցինք ու խաղը հավասարվեց»,- ասաց Գևորգյանը։