Vbet ՀՊԼ-ի 29-րդ տուրում «Նոան» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»։
Խաղից հետո իր տպավորություններով կիսվեց «Նոայի» մարզիչ Արամ Հակոբյանը՝ պատասխանելով նաև ArmSport-ի հարցերին։
«Շատ դիտարժան հանդիպում ստացվեց։ Երկուստեք գրոհներով թիմերը բավականին ագրեսիվ սկսեցին խաղը։ Աստիճանաբար սկսեցինք տիրել առավելությանը։ Նախորդ խաղերում գոլ խփելու խնդիր ունեինք։ Այսօր կարողացանք երկու գոլ խփել, բայց կարող էինք ավելին խփել։
Ուրախացնում է այն, որ տղաների մոտ հավատը վերականգնվել է։ Իրենք գիտակցում են, որ ունեն այնպիսի ներուժ, որը թույլ է տալիս նման ուժեղ մրցակցին դիտարժան խաղով հաղթել»։
-Պարոն Հակոբյան, առաջին կեսում Մայրովիչը և Սպետարուն անընդհատ դիրքերով փոխվում էին, բայց, անկախ դիրքից, Մայրովիչի եզրը միշտ ավելի ակտիվ էր, քան Սպետարուինը։ Ամեն դեպքում, երկրորդ կեսում առաջինը փոխարինեցիք հենց Մայրովիչին։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Դիտմամբ էինք իրենց դիրքերով փոխում, որ մրցակցի համար դժվարություններ ստեղծեինք։ Երկուսն էլ կարողանում են հավասարապես գործել երկու եզրում։ Սպետարուն ևս ակտիվ էր։ Միգուցե գնդակով շատ չէր լինում, բայց մրցակցի պաշտպանների ուշադրությունը հրավիրում էր իր վրա, իսկ այդպես Մայրովիչը կարողանում էր ստանալ ազատ տարածություններ։
Մայրովիչի փոխարինումը պայմանավորված էր վերջինիս հոգնածությամբ։ Երկուսն էլ շատ մեծ ծավալի աշխատանք կատարեցին։
-Հայկ Մուսախամյանը նոմինալ հենակետային կիսապաշտպան է, սկայն վերջին խաղերում նրան ընդգրկում եք պաշտպանության կենտրոնում։ Իհարկե, ակնհայտ է, որ Հայկը իրեն լավ է դրսևորում։ Պարզապես հետաքրքիր է՝ ինչու նրան ի սկզբանե որոշեցիք օգտագործել հենց պաշտպանի դիրքում։
-Հայկը ունիվերսալ ֆուտբոլիստ է։ Նա կարող է խաղալ նաև հարձակման գծում։ Քանի որ կարողանում է շատ արագ ադապտացվել ցանկացած դիրքում, մենք էլ խնդիրներ ունեինք պաշտպանության կենտրոնում, որոշեցինք իրեն այդ դիրքում օգտագործել։ Զրուցեցինք իր հետ, ինքն էլ դեմ չէր։ Խաղից խաղ ավելի լավ է հանդես գալիս այդ դիրքում։