Vbet ՀՊԼ-ի 29-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտվեց «Նոային»։
Խաղից հետո իր տպավորություններով կիսվեց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը՝ պատասխանելով նաև ArmSport-ի հարցերին։
«Խաղի մասին կարելի է ոչինչ չասել։ Գրեթե բոլոր մենապայքարները պարտվեցինք։ Խոտանը բավականին շատ էր։ Շատ մեծ էներգիա ծախսեցինք այդ ամենի արդյունքում։ Շնորհավորում եմ մրցակցին, քանի որ այսօր արժանի հաղթանակ տարավ»։
-Պարոն Ոսկանյան, ըստ ձեզ՝ ո՞րն էր այդպիսի վատ խաղի պատճառը։
-Հիմա կդժվարանամ պատասխանել։ Չորս օր առաջ էինք խաղացել։ Չէի ասի, որ վերականգնվելու հետ կապված խնդիր կար։ Չնայած վատ խաղին՝ գոլային պահեր ունեինք։ Պետք է աշխատել նույնիսկ վատ խաղով իրացնել գոլային պահերը։
-Ենթադրում եմ, որ կարիք չկա՝ խոսելու անհատապես ֆուտբոլիստների գործողությունների մասին, քանի որ դժգոհ եք ամբողջ թիմի խաղից։
-Ոչ, քանի որ ընդհանուր խոտանը չափից ավելի մեծ էր։ Այն ֆուտբոլիստները, որոնց ճշգրտության տոկոսը սովորաբար բարձր է լինում, նրանք նույնպես այսօր թերացան։
-Դավիթ Խուրցիձեն յոթ խաղ անընդմեջ չի հայտնվում մեկնարկային կազմում և միայն փոխարինման է մտնում հանդիպումների երկրորդ խաղակեսերում։ Նախորդ խաղում նա դուրս եկավ փոխարինման՝ դառնալով գոլի հեղինակ և ձեր թիմին փրկելով պարտությունից։ Ինչու՞ Խուրցիձեն չի հայտնվում մեկնարկային կազմում։
-Այսօրվա խաղում այդ դիրքի համար ընտրություն էինք կատարել՝ ըստ մրցակցի։
-Այսինքն վերջին յոթ խաղում մրցակիցների հանգամանքո՞վ էր պայմանավորված, որ չէր ընդգրկվում մեկնարկային կազմում։
-Դրանից առաջ վնասվածք ուներ և աստիճանաբար հնարավորություն էր ստանում։ Ճիշտն ասած, հիմա էլ ամբողջությամբ պատրաստ չէ։