«Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը երևանյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք թեմաների։
«Անչափ ուրախ եմ առաջին գոլս խփելու կապակցությամբ, կարող եմ ասել, որ փոքր երազանքի պես մի բան էր, որն իրականացավ։ Ամենակարևորը, որ կարողացանք 3 միավոր վաստակել, իսկ օգնել թիմին միշտ պատրաստ եմ թե՛ գոլով, թե՛ լավ խաղով։
Քայլ առ քայլ շարժվում ենք առաջ, բարձրացանք 5-րդ հորիզոնական և հավատում ենք, որ կարող ենք նաև շրջանցել հարևան մյուս մրցակիցներին ու առաջնությունում մրցանակային տեղ զբաղեցնել, ինչն այս մրցաշրջանի համար լավ ավարտ կլինի։
«Վանի» հետ խաղում մեր մյուս երիտասարդ ֆուտբոլիստները ևս հնարավորություն ստացան իրենց որակները ցուցադրելու։ Մեզ մոտ հաճախ կտեսնեք, որ խաղաժամանակ տրամադրվի երիտասարդներին, քանի որ շատ տաղանդավոր հայ խաղացողներ կան, որոնք կարող են օգտակար լինել իրենց թիմերին։
Հաջորդ խաղում նույն մրցակցի հետ ենք, ինչ գավաթի եզրափակչում, կարող եմ ասել, որ «Նորավանքը» կազմակերպված ու լավ թիմ է, կփորձենք լավ արդյունքի հասնել։ Բայց առաջնությունում պայքարը պետք չէ համեմատել գավաթում սպասվող խաղի հետ, այնտեղ տրամադրվածությունն այլ է, քանի որ երկու թիմն էլ միևնույն բանի համար են պայքարելու»։