Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայում տեղի ունեցավ 25-րդ տուրը։
Տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտը» 3-0 հաշվով առավելության հասավ «Նորավանքի» նկատմամբ։ Ինչպես հետագայում նշեց Վայոց Ձորը ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը, իր թիմը գավաթային խաղում օրեր առաջ մեծ էներգիա էր կորցրել, ինչը ազդեցություն ունեցավ խաղի վրա։
Այդ խաղում «Ալաշկերտի» ֆուտբոլիստները կարողացան բարձր մակարդակով օգտագործել իրենց ստեղծած իրական գոլային պահերը։ «Նորավանքի» պարագայում ամեն ինչ այլ էր։ Այս թիմն իրական վտանգավոր պահերով գերազանցեց մրցակցին, բայց դրանք գոլի վերածել չկարողացավ։
ԲԿՄԱ-ն ընթացիկ մրցաշրջանում տոնեց երրորդ հաղթանակը՝ 3-2 հաշվով առավելության հասնելով «Արարատի» նկատմամբ։ Այս խաղից կարելի է առանձնացնել այն հանգամանքը, որ «Արարատը» երկու անգամ պարտվողի դերում հայտնվելուց հետո կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն ԲԿՄԱ-ի երիտասարդ ֆուտբոլիստները ցուցաբերեցին կամային բարձր հատկանիշներ և խաղավերջում կարողացան կորզել հաղթանակ։
Տարբեր առիթներով խոսել ենք, որ մրցաշրջանի երկրորդ հատվածում Ռաֆայել Նազարյանի սաները մի քանի հատկանիշներով լուրջ առաջընթաց են գրանցել։ Դրանցից կարելի է առանձնացնել ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև մինչև հանդիպման վերջին րոպեները «կռիվ տալը»։ Հենց այս ամենի շնորհիվ ԲԿՄԱ-ն կարողացավ երրորդ անգամ հաղթել ընթացիկ մրցաշրջանում։
«Նոան» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Վանի» հետ։ Այդ խաղին նախորդած երեք խաղերում «Նոան» առավելության էր հասել Չարենցավանը ներկայացնող ակումբի նկատմամբ։ Առհասարակ, «Վանը» երկրորդ խաղում անընդմեջ չի կարողանում գրավել «Նոայի» դարպասը։
Մասնավորապես անցած խաղի վերաբերյալ կարելի է առանձնացնել միայն կոշտ խաղը, որի արդյունքում մրցավարը 10 անգամ գրպանից հանեց դեղին քարտը։
«Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» հանդիպումը կարելի է համարել անցած տուրի կենտրոնականը։ Հանդիպման առաջին հատվածը Դմիտրի Գունկոյի սաները շատ լավ անցկացրին և «Ուրարտուին» զրկեցին ազատ գործելու հնարավորությունից։
31-րդ րոպեին Մաիլսոն Լիման 11-մետրանոցի շնորհիվ բացեց հաշիվը։ Բաց թողած գոլից հետո Ռոբերտ Արզումանյանի սաները սկսեցին ավելի համարձակ գործել և ավելի շատ սպառնալ Վիմերկատիի դարպասին։ 34-րդ րոպեին Ժիրայր Մարգարյանի եզրային փոխանցումից հետո Արթուր Միրանյանը գլխի հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը։
Խաղակեսի վերջին հատվածում ևս «Ուրարտուն» ավելի ակտիվ էր, սակայն նոր գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսում շատ ավելի հետաքրքիր պայքար ծավալվեց։ Երկու թիմերն էլ աչքի էին ընկնում վտանգավոր հակագրոհներով, սակայն հաշիվը մնաց անփոփոխ։ Սա այն բացառիկ հանդիպումներից էր, որտեղ «Ուրարտուն» գնդակի տարածքային առավելությունը զիջել էր մրցակցին։ Ինչպես հետագայում նշեց «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը, մրցակիցն իր խաղով ստիպել էր այլ ֆուտբոլ խաղալ։
Անցած տուրում «Փյունիկը» ազատ էր, իսկ վերջինիս սկզբունքային մրցակից «Արարատ-Արմենիան» կարևոր միավորներ կորցրեց։ Գունկոյի թիմը 54 միավորով առաջատարն է և երեք միավորով է գերազանցում «Փյունիկին»։
«Ալաշկերտի» հաղթանակի և «Արարատի» պարտության արդյունքում էլ Արամ Ոսկանյանի սաները «Արարատից» ունեցած միավորների տարբերությունը հասցրին չորսի։ Երրորդ տեղի համար պայքարը ևս նոր թափ է ստանում։
Առաջիկա տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ կմրցի ԲԿՄԱ-ի հետ, «Արարատն» էլ կհյուրընկալի «Փյունիկին»։ Այս հանդիպումները տեղի կունենան վաղը՝ ապրիլի 11-ին։ Հաջորդ օրը «Նորավանքը» կհանդիպի «Վանին», «Ուրարտուն» էլ սեփական մարզադաշտում կխաղա «Նոայի» հետ։
Սուրեն Մելիքսեթյան