Vbet ՀՊԼ-ի 21-րդ տուրում «Արարատ-Արմենիայի» նկատմամբ տարած 1-0 հաշվով հաղթանակից հետո իր տպավորություններով է կիսվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Շատ ուրախ եմ, որ կարողացանք վաստակել երեք միավոր։ Շնորհավորում եմ ակումբին և երկրպագուներին, քանի որ անչափ կարևոր հաղթանակ էր։
Խաղին մոտեցել էինք երկու տակտիկայով։ Առաջին կեսում հենց առաջին համարով էինք խաղում։ Կարողանում էինք ավելի ագրեսիվ գործել։
Առաջին կեսում ամեն ինչ ստացվեց, բացի խփած գոլից։ Տակտիկայի մեջ ունեինք ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմեր։ Գիտակցում էինք, որ մրցակցի մարզիչները տեսնելու էին այդ թույլ կողմերը։ Կարելի է ասել, դիտմամբ գնացինք այդ քայլին։
Երկրորդ կեսում տակտիկան փոխեցինք այնպես, որ մրցակիցը անակնկալի գա։ Գնացինք ռիսկի, որը արդարացվեց։ Հակագրոհներից մեկի արդյունքում էլ կարողացանք դառնալ գոլի հեղինակ։
մենք և «Արարատ-Արմենիան» հավասարազոր թիմեր ենք, պարզապես այսօր մենք ավելի լավ էինք տրամադրված և ճիշտ էինք պատրաստվել խաղին»,- Մելիքյանի խոսքերն է մեջբերում «Փյունիկի» մամուլի ծառայությունը։