Չեմպիոնների լիգայի շրջանակում այսօր կայացել են խմբային փուլի վերջին հանդիպումները։
«Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցել է «Բավարիայի» հետ և 0-3 հաշվով պարտություն կրել՝ չկարողանալով դուրս գալ խմբից։ Մյունխենցիներն ավելի վաղ ապահովել էին իրենց մասնակցությունը փլեյ-օֆֆին։
Հանդիպման հաշիվը խաղի 34-րդ րոպեին բացել է Թոմաս Մյուլերը, իսկ առաջին կեսի վերջնամասում Լերոյ Սանեն փայլուն հարվածով կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ Երկրորդ խաղակեսում Ջամալ Մուսիալան հաշիվը դարձրել է խոշոր։
E խմբի մյուս խաղում «Բենֆիկան» սեփական հարկի տակ ընդունել է Կիևի «Դինամոյին» և 2-0 հաշվով հաղթանակ տարել։ 16-րդ րոպեին Ռոման Յարեմչուկը բացել է հաշիվը, իսկ քիչ անց Մորաես Ժիլբերտոն կրկնապատկել է իր թիմի առավելությունը։
Այսպիսով, E խմբից Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ են դուրս եկել «Բավարիան» (18 միավոր) և «Բենֆիկան» (8 միավոր)։ «Բարսելոնան» 7 միավորով զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում։ Կիևի «Դինամոն» 1 միավորով եզրափակում է աղյուսակը։