«Արարատ-Արմենիան» շարունակում է հաղթական խաղերի շարքը Vbet ՀՊԼ-ում. առաջնության 7-րդ տուրում Դմիտրի Գունկոյի թիմը սեփական հարկի տակ ընդունել է «Ուրարտուին» և 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Հանդիպման հաշիվը բացվել է միայն երկրորդ կեսում. 47-րդ Մայիլսոն Լիման անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցն ու առաջ մղել իր թիմին, իսկ րոպեներ անց՝ 51-րդ րոպեին, Լիման դուբլ է ձևակերպել: Խաղավարտին՝ 81-րդ րոպեին, «Արարատ-Արմենիան» նաև երրորդ գնդակն է ուղարկել «Ուրարտուի» դարպասը. Ժիրայր Շաղոյանն է դարձել գոլի հեղինակ ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:
Այս կերպ «Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնության իր 7-րդ անընդմեջ հաղթանակն է տարել ու 21 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Ուրարտուն» 9 միավորով 5-րդ տեղում է:
Հայաստանի առաջնության 7-րդ տուրի վերջին հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 23-ին: «Փյունիկը» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կընդունի «Սևանին»: Խաղի մեկնարկը 18:00-ին է: