Սլովակիան ներկայացնող «Սլովանը» չի հրաժարվում «Աստանայի» առաջատար ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանին ձեռք բերելու փորձերից։
Ինչպես տեղեկացնում է Meta-ratings.kz-ը, «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը դեռ ցանկանում է հայ ֆուտբոլիստին տեսնել իր թիմում:
Հուլիսին Բրատիսլավան ներկայացնող ակումբն արդեն փորձել էր ձեռք բերել Բարսեղյանի տրանսֆերը, նույնիսկ «Աստանային» առաջարկել էր ավելի քան 200 հազար եվրո, չնայած այն բանին, որ Բարսեղյանի պայմանագիրը մայրաքաղաքային թիմի հետ ավարտվում է դեկտեմբերին, իսկ ձմռանը հայ ֆուտբոլիստը կարող է միանալ նոր թիմին ազատ գործակալի կարգավիճակով:
Աղբյուրը նշում է, որ, այնուամենայնիվ, ֆուտբոլիստն ինքը մերժել էր Վայսի առաջարկը և որոշել էր փորձել Աստանայի հետ դուրս գալ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ, ինչպես նաև նվաճել Ղազախստանի չեմպիոնի տիտղոսը:
Մեկ ամիս անց իրավիճակը կարող է փոխվել՝ հաշվի առնելով, որ Կոնֆերենցիաների լիգայից ղազախական թիմն արդեն դուրս է մնացել. Տիգրանը դեռ ոչ մի պատասխան չի տվել եվրոպական ակումբին և ժամանակ է խնդրել մտածելու համար, գրում է աղբյուրը: