ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին:
Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ռազմավարությունը գրված է մինչև 2025 թվականը և պատրաստվում են մինչև այդ ժամանակահատվածը՝ 2022-ին կամ 2024-ին, նվազագույն խնդիրը կատարել՝ դուրս գալ Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, ՀՀ կառավարությունը կաջակցի ՀՖՖ ծրագրերին․
«Այս ամենը հնարավոր չէ անել միմիայն ֆուտբոլի ֆեդերացայի ուժերով և մենք շնորհակալ ենք աջակցության ու ապագա աջակցության համար, որը, վստահ եմ, կլինի և մենք կփորձենք կատարել մեր առջև դրված խնդիրը, որովհետև այս պահի դրությամբ Հայաստանի ազգային հավաքականն աննախադեպ արդյունքի է հասել հայկական ֆուտբոլի պատմության մեջ»,- նշել է Արմեն Մելիքբեկյանը։
Նիկոլ Փաշինյանը և ՀՖՖ ղեկավարները նաև քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնք միտված են հանրապետությունում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանը, մանկապատանեկան ֆուտբոլին, ազգային ու երիտասարդական հավաքականների առաջընթացի ապահովմանը, ինչպես նաև ակումբային ֆուտբոլի զարգացմանը: