Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին Ամերիկայի Գավաթի քառորդ եզրափակչում Էկվադորի դեմ տարած 3-0 հաշվով հաղթանակից հետո խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։ Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողն այդ խաղում դարձավ գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։
«Չգիտեմ՝ Լեոն երբևէ կհոգնի՞ ամենօրյա գովեստներից։ Որպես ֆուտբոլի սիրահար՝ հույս ունեմ, որ նա կխաղա այնքան, որքան կարող է։ Նույնիսկ մրցակիցներն են հաճույք ստանում նրա խաղին հետևելիս։ Մեսսին բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է։ Որևէ այլ մեկին նրա հետ համեմատելը դժվար է։ Նեյմարը կարող է դառնալ նման խաղացող, բայց այն, ինչ անում է Լեոն, մենք ընդմիշտ կհիշենք»,- Սկալոնիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակչում Արգենտինայի մրցակիցը կլինի Կոլումբիայի հավաքականը։ Հանդիպումը հուլիսի 7-ին է։