«Ալաշկերտի» դարպասապահ Գևորգ Կասպարովը թիմի՝ Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո ArmSport-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ ավարտում է ֆուտբոլիստի կարիերան։
«Ճիշտ եք, շատ քիչ ֆուտբոլիստների է հաջողվում հաղթանակով ավարտել կարիերան։ Չնայած սա առաջին չեմպիոնությունն է, որ ես մասնակցություն չեմ ունեցել (Կասպարովը պահեստայինների թվում էր՝ ArmSport), բայց թիմի հետ եմ եղել․ ուրախ եմ, որ մարզումներով, հանդերձարանում կարողացել եմ թիմի կողքին լինել։
Յուրաքանչյուր տիտղոս մեծ բան է։ Ֆուտբոլիստը դրա համար է խաղում։ Ես իմ կարիերայի ընթացքում կարողացել եմ բոլոր տիտղոսները նվաճել։ Շնորհավորում եմ «Ալաշկերտին»։ Մինչ այս էլ ես «Ալաշկերտի» հետ երկու անգամ չեմպիոն էի դարձել։ Շնորհավորում եմ բոլոր երկրպագուներին, խաղացողներին, մարզչական շտաբին, ղեկավարությանը։ Ես էլ այսպես ավարտեցի կարիերաս»,- ասաց փորձառու դարպասապահը ArmSport-ի հետ զրույցում։
Երվանդ Հակոբյան