Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովը, ինչպես արդեն հայտնել էինք, մարզչական առաջին պայմանագիրն է կնքել։
41-ամյա մասնագետը կաշխատի «Ալաշկերտի» երկրորդ թիմի հետ։ Այս մասին ArmSport-ին հայտնեցին երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունից։
Հիշեցնենք՝ հունիսին Կասպարովը մասնակցում էր ՀՖՖ-ի մարզչական Բ արտոնագրի դասընթացներին։
Գևորգ Կասպարովը ֆուտբոլիստի կարիերան ավարտեց այս տարվա մայիսին՝ «Ալաշկերտի» հետ Հայաստանի չեմպիոնությունը նվաճելուց հետո։
Գևորգ Կասպարովը Հայաստանի առաջնություններում խաղացած ամենատարեց դարպասապահն է: «Ուրարտուի» դեմ անցած տարվա նոյեմբերի 22-ին տեղի ունեցած խաղում նա «Շիրակի» կազմում ռեկորդը սահմանել է 40 տարեկան 120 օրականում: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր Ռոբերտ Պալյանը, որը Հայաստանի առաջնությունում խաղացել էր 40 տարեկան 90 օրականում: «Փյունիկի» դեմ տարեվերջյան խաղում Գևորգ Կասպարովը թարմացրեց սեփական ռեկորդը՝ խաղալով 40 տարեկան 140 օրականում:
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Կասպարովը հանդես է եկել «Դվինում», «Զվարթնոցում», «Միկայում», «Փյունիկում», «Ուլիսում», «Շիրակում», «Ալաշկերտում», «Գանձասար-Կապանում», ինչպես նաև իրանական «Արարատ» (Թեհրան), «Պաս», «Ռահ Ահան», «Սանատի Կավե», «Զոբ Ահան», «Տրակտոր» ակումբներում ու Արևմտյան Հայաստանի հավաքականում:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 29 հանդիպում և բաց թողել 34 գնդակ։