«Ռիվեր Փլեյթը» Լիբերտադորեսի գավաթի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում 2-1 հաշվով հաղթեց կոլումբիական «Սանտա Ֆեին»: Արգենտինական ակումբն առաջին խաղակեսում խփեց երկու արագ գոլ: Ընդմիջումից հետո կոլումբիացիները հետ բերեցին մեկ գնդակ, սակայն ավելի չկարողացան անել:
«Ռիվեր Փլեյթը» խաղում էր առանց պահեստայինների, կորոնավիրուսի բռնկման պատճառով, իսկ թիմի դարպասը պաշտպանում էր կիսապաշտպան Էնցո Պերեսը:
Երեքշաբթի օրը «Ռիվեր Փլեյթը» հաղորդել էր թիմում կորոնավիրուսի 25 դրական դեպքերի մասին, վարակվածների թվում են չորս հիմնական դարպասապահները, ովքեր հայտավորված էին Copa Libertadores խաղերին:
Արգենտինական ակումբը խնդրել է Հարավային Ամերիկայի Ֆուտբոլային կոնֆեդերացիային (CONMEBOL) արտակարգ իրավիճակի պատճառով մրցաշարում փոխարինել երկու դարպասապահների: «Ռիվեր Փլեյթը» օգտվել է այն կանոնից, որ «վնասվածք ստացած դարպասապահի փոխարինումը կարող է թույլատրվել մրցաշարի ցանկացած փուլում, եթե վնասվածքի լրջությունը հաստատվի ԿՈՆՄԵԲՈԼ-ի բժշկական հանձնաժողովի կողմից»:
Այնուամենայնիվ, ըստ Ole հրատարակության, CONMEBOL-ը հրաժարվել է զիջումների գնալ, քանի որ ի սկզբանե կոնֆեդերացիան թույլ էր տալիս բոլոր ակումբներին, ովքեր մասնակցում էին Copa Libertadores-ին, 50 խաղացողներ ավելացնել իրենց հայտերում, որպեսզի խուսափեն նման դեպքերից, բայց «Ռիվեր Փլեյթը» ընդգրկել էր ցուցակում ընդամենը 32 խաղացողի:
Ի դեպ, արգենտինական ակումբը 9 միավորով գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը։