«Չելսին» կարևոր հաղթանակ է տարել «Լեսթեր Սիթիի» նկատմամբ (2-1) Չեմպիոնների լիգայի համար պայքարում։ Սակայն այս խաղում «աղվեսների» հարձակվող Կելեչի Իհենաչոն ունիկալ վիճակագրական նվաճման է հասել։
Opta Sport-ի տեղեկություններով, 24-ամյա նիգերիացին, որը հեղինակեց «Լեսթերի» միակ գոլն այդ խաղում, դարձավ ԱՊԼ-ի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը մեկ մրցաշրջանի ընթացքում շաբաթվա բոլոր 7 օրերին աչքի է ընկել խփած գնդակներով։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Իհենաչոն 12 գոլ է հեղինակել։
«Չելսին» 37 խաղից հետո 67 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Լեսթեր Սիթին» 4-րդ տեղում է։ «Լիվերպուլը», որը գտնվում է 5-րդ տեղում, իր ակտիվում 63 միավոր ունի ու մեկ խաղ պակաս է անցկացրել։ Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանին Անգլիայից կմասնակցեն այն թիմերը, որոնք կզբաղեցնեն ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին չորս հորիզոնականները։