Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բավարիան» ընդունել է ՊՍԺ-ին։ Հանդիպումը կայացել է Մյունխենի «Ալյանց-Արենա» մարզադաշտում և ավարտվել հյուրերի՝ 3-2 հաշվով հաղթանակով։ Փարիզյան թիմի կազմում դուբլ է ձևակերպել Կիլիան Մբապեն, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Մարկինյոսը։ Մյունխենցիների կազմում աչքի են ընկել Էրիկ Շուպո-Մոտինգն ու Թոմաս Մյուլերը։
ՈՒԵՖԱ-ի՝ Թվիթերի պաշտոնական էջը հայտնում է, որ այս խաղում փարիզյան թիմի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել։ Ֆրանսիացին դարձել է պատմության առաջին ֆուտբոլիստը, որը մեկ մրցաշրջանի ընթացքում Չեմպիոնների լիգայի 1/8 և 1/4 եզրափակիչների արտագնա խաղերում դարձել է 5 գոլի հեղինակ։
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ՊՍԺ-«Բավարիա» պատասխան խաղը կկայանա ապրիլի 13-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23։00-ին։