«Վալենսիան» հայտարարությամբ է հանդես եկել պաշտպան Մուկտար Դիակաբիի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Լա Լիգայի հերթական տուրի՝ «Կադիսի» հետ խաղում վերջինս ռասիստական վիրավորանքների է ենթարկվել մրցակցի խաղացողի կողմից, իսկ «Վալենսիան» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտություն է կրել.
«Դիակաբին դարձավ ռասիզմի հերթական զոհը ֆուտբոլում: Ընդ որում, անթույլատրելի վիրավորանքներից հետո նա դեղին քարտ ստացավ՝ դժգոհության համար:
Մենք հպարտ ենք, որ Դիակաբին ստացավ թիմակիցների անհավանական աջակցությունը, որ թիմը որոշեց միասին լքել խաղադաշտը: Մենք հավատում ենք, որ այս միջադեպը կքննվի, բայց մենք հիասթափված ենք , որ մինչև հիմա ոչ մի պաշտոնական որոշում չի կայացվել:
Ակումբը չի խնդրել ֆուտբոլիստներին վերադառնալ խաղադաշտ: Մրցավարը նրանց տեղեկացրել է հնարավոր հետևանքների մասին: Ֆուտբոլիստները, որոնք ստիպված էին խաղալ Դիակաբիի դեղին քարտից հետո և հետագա պատժամիջոցների սպառնալիքի ներքո, որոշել են վերադառնալ խաղադաշտ: Դիակաբին խնդրեց նրանց վերադառնալ ու կռվել, ու թիմակիցները հարգանք դրսևորեցին նրա հանդեպ:
Նման բան այլևս երբեք չպետք է տեղի ունենա ֆուտբոլում: «Վալենսիան» դեմ է ռասիզմին ու իր լիակատար աջակցությունն է հայտնում Դիակաբիին:
Այսօր վշտալի օր է ֆուտբոլի համար: Այսօր մենք 3 միավոր չկորցրինք, այլ կորցրինք հարգանքը, ֆուտբոլի և սպորտի ոգին»,- ասվում է «Վալենսիայի» տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: