Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի խաղը, որում «Կադիսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վալենսիային» (2-1), մթագնել էր ռասիստական սկանդալի պատճառով, ինչի արդյունքում հյուրերը որոշ ժամանակով լքել էին խաղադաշտը: Marca պարբերականը հրապարակել է այդ դրվագի մանրամասնեը, որոնք մրցավարի կողմից ներկայացվել են հանդիպման զեկույցում.
«29-րդ րոպեին ես ընդհատեցի խաղը երկու թիմերի ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած լեզվակռվի պատճառով: «Վալենսիայի» ֆուտբոլիստ Մուկտար Դիակաբին, որը մինչ այդ զգուշացում էր ստացել մրցակցի հետ վիճելու համար, ասաց ինձ. «Նա ինձ զզվելի նեգր անվանեց»՝ մատնացույց անելով «Կադիսի»՝ 16 համարի մարզաշապիկով խաղացողին: Սակայն, այդ փաստը մրցավարական բրիգադի և ոչ մի ներկայացուցիչ չէր նկատել:
Մի քանի րոպե անց «Վալենսիայի» ֆուտբոլիստները որոշեցին լքել խաղադաշտը: Խաղը որոշ ժամանակով դադարեցվեց: Երկու թիմերն էլ գնացին իրենց հանդերձարանները: Մի քանի րոպե անց «Վալենսիայի» պաշտոնյան՝ «Կադիսի» ներկայացուցչի հետ, հայտնեց մեզ, որ նրանք որոշել են փոխարինել Դիակաբիին ու շարունակել խաղը: Որոշվեց թիմերից յուրաքանչյուրին 5 րոպե տրամադրել նախավարժանքի համար՝ վնասվածքներից խուսափելու համար: Խաղը վերսկսվեց այն դադարեցվելուց 24 րոպե անց և դրանից հետո շարունակվեց սովորական ձևով»,- ասվում է խաղի զեկույցում: