Հարձակվող Լիոնել Մեսսին մարտի 21-ին դարձավ «Բարսելոնայի» ռեկորդակիր՝ ակումբում անցկացրած խաղերի քանակով:
Կիրակի օրը «Բարսելոնան» Լա լիգայի 28-րդ տուրում հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» 6։1 հաշվով։ Մեսսին իր թիմի մեկնարկային կազմում էր: Արգենտինացու համար հանդիպումը 768-րդն էր կատալոնական ակումբի կազմում: Ըստ այդ ցուցանիշի, նա շրջանցեց ակումբի լեգենդ Չավիին, ով իր ակտիվում ուներ 767 խաղ կատալոնական թիմի կազմում:
Բացի այդ, կատալոնացիների 33-ամյա ավագի համար այս հանդիպումը 511-րդն էր Լա Լիգայում: Ըստ այդ ցուցանիշի, Մեսսին շրջանցեց Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին և բարձրացավ 7-րդ հորիզոնական Լա Լիգայում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստների ցուցակում ՝ կիսելով այն «Աթլետիկի» հարձակվող Ռաուլ Գարսիայի հետ:
Մեսսիի առաջիկա նպատակը Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մանոլո Սանչիսի ցուցանիշն է, ով անցկացրել է 523 խաղ: Առաջատարը Բարսելոնայի նախկին դարպասապահ Անդոնի Սուբիսարետան է, ով Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 622 խաղ: