ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը:
Ողջունելով դիվանագետի այցը ԿԳՄՍՆ՝ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-չինական հարաբերությունների զարգացման: ԿԳՄՍ նախարարը խոսել է համատեղ ծրագրերի կարևորությունից և դրանք հետևողականորեն խորացնելու պատրաստակամություն հայտնել:
Կողմերը քննարկել են նաև սպորտի ոլորտում համագործակցելու հնարավորությունները: Նախարար Վահրամ Դումանյանն առաջարկել է դիտարկել Հայաստանում հայ-չինական բարեկամության մարզահամալիր ստեղծելու, ինչպես նաև մարզիկների և մարզիչների համար փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, ինչին ՉԺՀ դեսպանը դրական է արձագանքել՝ նշելով, որ պատրաստ են առավել կոնկրետ քննարկումների: