«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենը հայտնել է, որ կատալոնական ակումբն իրեն դեռևս փոխհատուցում չի վճարել՝ պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար.
«Բարսելոնան» դեռևս չի վճարել ինձ: Մենք սպասում ենք»,- Սետյենի խոսքերն է փոխանցում AS-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պաշտոնապես ձևակերպել է Սետյենի հեռացումը նրա՝ մարզչական պարտականություններից ազատվելուց միայն մեկ ամիս անց: Սետյենի փաստաբաններն ակումբից 4 մլն եվրո են պահանջում՝ որպես փոխհատուցում:
Օգոստոսի 17-ին «Բարսելոնան» հայտնեց Էնրիկե Սետյենի պաշտոնանկության մասին: Պատճառն ակումբի անբավարար արդյունքներն էին:
Սետյենը 2020 թվականի հունվարի 13-ին էր գլխավորել «Բարսելոնան»՝ այդ պաշտոնում փոխարինելով Էռնեստո Վալվերդեին: Սետյենի գլխավորությամբ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց, իսկ Չեմպիոնների լիգայում հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ 2-8 հաշվով պարտվեց Մյունխենի «Բավարիային»: