Հայաստանի Առաջին խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանակում այսօր երկու հանդիպում է կայացել:
«Սևանը» Ձորաղբյուրի մարզաբազայում ընդունել է «Փյունիկ-2»-ին և 5-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել: Հատկանշական է՝ բոլոր 5 գոլերն էլ տանտերերը խփել են առաջին խաղակեսում:
Նշենք՝ «Սևանի» կազմում դուբլ են ձևակերպել եղբայրներ Հակոբ Լոռեցյանը և Արամ Լոռեցյանը, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Մհեր Սահակյանը:
5 գոլ է խփել նաև «Լոկոմոտիվը»՝ առավելության հասնելով «Անիի» նկատմամբ: Հանդիպումը կայացել է «Փյունիկ» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի՝ 5-1 հաշվով հաղթանակով:
«Լոկոմոտիվի» կազմում դուբլ է ձևակերպել Կարապետ Մանուկյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Արտեմ Պիլիպենկոն, Մակսիմ Պրիադունը և Դմիտրո Կոպիտովը:
Նշենք՝ այսօր Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում պետք է կայանար նաև «Տորպեդո»-«Վան» հանդիպումը, սակայն ՀՖՖ-ի որոշմամբ այն հետաձգվել է և կկայանա վաղը՝ հունիսի 9-ին: Խաղի մեկնարկը 17:00-ին է:
Վաղը՝ հունիսի 9-ին, տուրի վերջին խաղում առաջատար «Վեստ Արմենիան» Ձորաղբյուրի մարզաբազայում կընդունի «Արարատ-2»-ին: Խաղը կմեկնարկի ժամը 16:45-ին: