Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Արագածի» գլխավոր մարզիչ Արա Նիգոյանը ArmSport.am-ի հետ զրույցում խոսել է առաջիկա խաղի նախապատրաստության մասին:
Թիմի նորանշանակ մարզիչը նշել է, որ իր տրամադրության տակ այս պահին ունի 11 ֆուտբոլիստ, և եթե մարզումների ընթացքում էլ ֆուտբոլիստներից մեկը վնասվածք ստանա, ապա ստիպված կլինեն խաղին ներկայանալ ավելի քիչ խաղացողով.
«Հիմա մարզվում եմ 11 ֆուտբոլիստի հետ, որից 10-ը տեղացի են, մեկը արտասահմանցի, որը չէր հեռացել Հայաստանից: Մյուս լեգիոներները նոր են վերադարձել Հայաստան և պետք է մնան 14-օրյա կարանտինում: Մենք երկու շաբաթ է՝ ինչ մարզվում ենք: Առաջիկա խաղին նախապատրաստվում ենք 11 ֆուտբոլիստով. պետք է խաղանք առանց փոխարինման: Ուզենք թե չուզենք, իրավունք էլ չունենք այլ ֆուտբոլիստ հայտավորելու: Ես ղեկավարությանը խնդրեցի, որ եթե հնարավոր է ֆեդերացիան ընդառաջի և մի քանի ֆուտբոլիստի ընդգրկենք մեր թիմ, բայց դա իրատեսական չէ, քանի որ տրանսֆերային պատուհանը հիմա փակ է: Պետք է աշխատենք այնպես անել, որ առանց վնասվածքի մոտենանք առաջիկա խաղին, հակառակ դեպքում՝ ստիպված կլինենք խաղալ 11-ից էլ քիչ ֆուտբոլիստով»:
Հիշեցնենք, որ Առաջին խմբի առաջնությունը կվերսկվի մայիսի 30-ին: Մայիսի 31-ին «Արագածը» կհյուընկալվի «Տորպեդոյին»:
Արա Նիգոյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնենք քիչ ուշ: