Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին չի կարողանում Ռուսաստանից վերադառնալ Հայաստան՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:
Այս մասին ArmSport-ի հետ զրույցում հայտնել է ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը: Նա նաև հայտնել է, որ թիմի հետ մարզումները Բերեզովսկին անցկացնում է հեռավար կարգով:
«Ֆուտբոլիստները սկսել են մարզվել, ցավոք Ռոման Բերեզովսկին և ևս մի քանի հոգի չեն կարողանում վերադառնալ Հայաստան, քանի որ դադարեցվել են ավիաուղևորափոխադրումները։ Թիմերի մարզումներն իրականացնում են հեռավար կարգով, կազմում են մարզումների ժամանակացույցը, ֆուտբոլիստներն ամեն օր ակադեմիայի տարածքում մարզումներ են իրականացնում, դրանք վիդեոների միջոցով փոխանցում են մարզչին, ստանում են նոր հանձնարարություններ և ցուցումներ»,- ասել է Արթուր Սողոմոնյանը:
Երևանյան ակումբի սեփականատերը նաև նշել է, որ իրենք հիմա ծրագիր են մշակում՝ ակադեմիայի աշխատանքներն այս ընթացքում ևս հեռավար ռեժիմով սկսելու համար.
«Մենք հիմա նաև ակադեմիայի համար համակարգ ենք մշակում, որ ակադեմիան վերսկսի իր աշխատանքներն այս ընթացքում հեռավար ռեժիմով։ Այս շաբաթ արդեն պլանավորում ենք մեր ինտերնետային ռեսուրսներում տեղադրել մարզումների համար վարժություններ՝ ըստ յուրաքանչյուր խմբի առանձնացված, որպեսզի մեր երեխաները տանը մարզվեն։
Նրանք իրենց մարզումները կնկարեն, կուղարկեն մարզիչներին և կստանան համապատասխան ցուցումները։ Այնպես որ փորձում ենք հարմարվել պանդեմիայով թելադրված նոր պայմաններին, և մայիսին ակադեմիայում կանցնենք ակտիվ մարզումների հենց հեռավար ռեժիմով » ,- նշել է Արթուր Սողոմոնյանը:
«Փյունիկը» ապրիլի 23-ից է վերսկսել մարզումները՝ պահպանելով անվտանգության կանոնները:
Արթուր Սողոմոնյանի հետ ArmSport-ի հարցազրույցն ամբողջությամբ կայքում կլինի շուտով