Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Բրյուգեի» հետ խաղում փոխարինվելուց հետո լուրջ խնդիրներ է ունեցել։
Marca-ն հայտնում է, որ գլխապտույտի և ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով բելգիացի ֆուտբոլիստ չի կարողացել կառավարել մեքենան, երբ հեռացել է մարզադաշտից։
Տիբոյին տուն է տարել իր հայրը։
Հիշեցնենք՝ հանդիպման առաջին կեսում Տիբոն երկու գոլ է բաց թողել ու փոխարինվել ընդմիջմանը։ Երկրորդ կեսում մադրիդցիների դարպասը պաշտպանել է Ալֆոնս Արեոլան, իսկ Ռամոսն ու Կազեմիրոն աչքի են ընկել խփած գնդակներով ու «Ռեալին» փրկել պարտությունից (2:2):
Կուրտուան «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը Լոնդոնի «Չելսիից»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 35 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա դարպասապահն Իսպանիայի առաջնության 6 հանդիպման է մասնակցել, որոնցում 6 գոլ է բաց թողել։ Բելգիացու պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառը։